Ոչ ոք չգիտի, թե իրականում իրեն երբ են հրաժեշտ տալիս

Share it Please

― Էս ճանապարհով, որ ետ քայլեմ, անցյալ կգնա՞մ. հասնեմ նախապապիս, հաստ մահակը ընկեր անենք ու կոշտ տրեխների տակ ճզմենք տարիների փափուկ սաղարթն ու կոշտ խճաքարերը... ելնենք լեռները. Էնտեղ ես բազեի պես ազատ եմ, բազեները ոչ ուրախ ու ոչ էլ տխուր են լինում. նախապապս երևի հիմա բազե է դարձել՝ ազատ մտացածին զգացողություններից:

― Էս ճանապարհով, որ ետ գնաս, մեր թաղ կհասնես, ― հիմա ասում ես դու: Ու ես հիշում եմ դեղին ավտոբուսի տակով անշտապ վազող ճանապարհը, որ քո թաղ է տանում: Աջ թևի վրա՝ այգիների արանքում, կանգառ կա, ուր ավտոբուսները երբևէ չեն կանգնում. իմ սիրած կանգառն է, իսկ ձախ թևին լիճն է՝ անաղմուկ նիրհող ու միայն երբեմն բայդարկաների ճեղքումով ճողփող: Էս կողմով անցնելիս ես հասկանում եմ, որ միևնույնն է սիրում եմ էս քաղաքը, ու մտածում, որ Գերմանիա գնացի այգիների մեջ պահ մտած կանգառ կգտնե՞մ :

Ես ձեռքով հրաժեշտ եմ տալիս այգեպանին, նա նկատում ու զարմանում է կամ գուցե ժեստը չի հասկանում, նորմալ է, մեզնից ոչ ոք չգիտի, թե իրականում իրեն երբ են հրաժեշտ տալիս: Նորից աջ եմ թեքվում, ուղիղ ու ձախ՝ լուսարձակների տակ անվերջ մեռնելով ու հետո նորից հարություն առնելով: Էս էլ Ամիրյանը, նոր շինված փայտե կամրջակը, կանգառը, Սեգաֆրեդոն....

― Ինչու՞ ես էդքան տխրում, ― կհարցնես, իսկ ես պատասխանի փոխարեն կհամբուրեմ ձեռքերիդ բարակ երակների կապույտ դելտաները, որ այդպես խնամքով սքողել ես մաշկիդ տակ... Ինչպես միշտ ես պատասխան չունեմ: 

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen

Администрация сайта не несёт ответственности за содержание рекламных материалов и информационных статей, которые размещены на страницах сайта, а также за последствия их публикации и использования. Мнение авторов статей, размещённых на наших страницах, могут не совпадать с мнением редакции. © Copyright 2018 Designed By Templateism | Seo Blogger Templates