Ես ծառ եմ դառնում, և ժամանակը կանգնում է

Share it Please


Ավտոբուսը դեռ սողու՞մ է: Հիմա ես ծառ եմ՝ ճյուղերս հենաձողերին փաթաթած մնացել եմ այրված ավտոբուսի կմախքում փակված ու շիվերս ավելի ու ավելի եմ երկարում դեպի երկինք՝ փրկության հույսով: Այս ի՞նչ թռավ գլխավերևովս … հաաա՜, ժամանակն էր: Վախ՝ միակ զգացողությունը, որ դեռ մնացել է… Մի տարի առաջ երկու աղջիկ էին եկել ինձ մոտ, նրանք ֆոտոխցիկ ունեին, ինչ խոսք՝ լավ լուսանկարներ ստացվեցին, ափսոս չկարողացա նրանց իմ մեյլն ասել: Հետո մի զույգ համբուրվեց ստվեիս տակ, մայրամուտին. աաայ դա օր էր… Ձյուն եկավ, ու երկար ժամանակ շուրջբոլորը սպիտակ-սպիտակ էր: Ամիսներ անց սպիտակ լռությունը ճեղքվեց ձնծաղիկներով, հետո ձնծաղիկներն էլ գնացին… Շիկավուն, մոլորված մի շնիկ անցավ ապա, որ նույնիսկ միզեց արմատներիս: Հետո ինձ մոտ թռավ ճըռվողիկը՝ կտուցին խանձած մի ցողուն՝ նորից ու նորից, նորից ու նորից. ես դարձա նրա տան հիմնասյունը, և դա ինձ դուր էր գալիս, բայց տերևներս դեղնեցին ու ճռվողիկը ինչ որ էլ ետ չեկավ… Բոլորովին վերջերս հայր ու որդի էին անցնում այս կողմերով, տղան քաշեց հոր թևից. 

-Պաա՜պ, նայի՛ր, ի՜նչ սիրուն ծառ է, ի՞նչ համեղ պտուղներ ունի նա: 

-Տղես, էս ծառի պտուղներն ուտելու չեն … դեկորատիվ ծառ է, հասկանու՞մ ես… 

Բայց գրողը տանի, գըրողը տանիիի՛… նայե՛ք ինձ, այդ ես եմ, Թոմաս Բռաունը, ե՛ս… 

անպտուղ թոմասենի՞, ընդամե՞նը… 

Հեղինակ՝ Թագուհի Ազարեան



Keine Kommentare:

Kommentar veröffentlichen

Администрация сайта не несёт ответственности за содержание рекламных материалов и информационных статей, которые размещены на страницах сайта, а также за последствия их публикации и использования. Мнение авторов статей, размещённых на наших страницах, могут не совпадать с мнением редакции. © Copyright 2018 Designed By Templateism | Seo Blogger Templates