Հակոբ Օշականի իրական կերպարները

Share it Please

Օշականը բազմաթիվ անգամներ գրում է, որ իր կերպարները վավերական կերպարներ են, բոլորին հանդիպել է իրենց գյուղում, զրուցել նրանց հետ և որ բոլոր պատմությունները վավերական պատմություններ են: 

Համապատկերի իրեն նվիրված հատորի գրեթե կեսը Օշականի հետ պատահած վավերական պատմություններն են, որոնք հիշում է այս կամ այն առիթով: Վավերական պատմությունները գրականության մեջ չեն մտնում. ապրված պատմությունն ինքնին վավերական է, քանի որ պատահել է մի օր մի տեղ աշխարհում: 

Օշականի մոտ կարծես թե անընդհատ կասկածը կա դրանց վավերականության: Երբ որ ապավինելովբ հիշողությանը կամ պատասխանելով իրեն ուղղված քննադատություններին` կրկնում է, որ այդ մարդկանց հանդիպել է իրենց գյուղում կամ այլուր. քոքուրների դեպքում ասում է, որ ապրել է նրանց հետ, լսել նրանց պատմությունները: 

Օշականը մի տեսակ այդ պատմությունները լսող ականջն է, և դրանք թղթի վրա փոխադրողը: <<Օշական գրել սկսած է ոչ իբր բարքերու հաւաքիչ, այլ` իբրեւ արուեստագէտ մը, որ մարդկային տրաման միայն ունի փառասիրութեան զսպանակ, ինչպէս յանգումի կէտ: Այնպէս` ինչպէս կան այդ մարդերը այդ վիպակներուն մէջ, հեռու չեն սակայն հայ գիւղին ընդհանուր բարեխառնութենէն>>: Ուրեմն, Օշականի համար արվեստագետը և հավաքիչը, թող որ <<բարքերու հավաքիչը>>, տարբեր են, իսկ արվեստագետի համար մարդկային ողբերգությունն է ստեղծիչ հանգամանքը, ամեն դեպքում: 

Պատմություններ լսող ականջն այս դեպքում պատմությունները փոխադրողը չէ թղթի վրա կամ գրականության մեջ, այլ այդ պատմությունների խորքում ապրող ողբերգությունները լսելի դարձնելը, թերեւս: Այս դեպքում, քանի որ այլ տեղ այլ բան կարող է լինել, Օշականի համար գրականությունը ես-ի երկատումից ծնված ողբերգությունը լսելի դարձնելու հնարավորություն է, ինչպես նաեւ գրականության իսկ խնդիրը այդ ողբերգությամբ զբաղվելն է, իբրեւ հանգումի կետ: (Որքանո՞վ է այն առնչվում օշականյան իրավության հետ, այլ հարց է, ինչպես նաեւ այլ է իրավության ու վավերականության առնչության հարցը):

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen

Администрация сайта не несёт ответственности за содержание рекламных материалов и информационных статей, которые размещены на страницах сайта, а также за последствия их публикации и использования. Мнение авторов статей, размещённых на наших страницах, могут не совпадать с мнением редакции. © Copyright 2018 Designed By Templateism | Seo Blogger Templates