Ինտրայի առաջին քայլերը դեպի մեծ պոեզիա

Share it Please


1906 թվականին Պոլսում լույս տեսավ դեռատի Տիրան Չրաքեանի «Ներաշխարհ» գիրքը, որն անտարբեր չթողեց ժամանակի գրական բարձր ճաշակ ունեցող ընթերցողին։ Վերջինս, սակայն, վաղուց էր սպասում «Ներաշխարհի» ծնունդին, և կար ընդհանուր մի հետաքրքրություն նրա հեղինակի անձի ու ստեղծագործության նկատմամբ։

Իսկ հեղինակը բազմակողմանիորեն զարգացած ու բազմաբնույթ հետաքրքրություններ ունեցող, պոետի ու մտավորականի արտաքինով ինքնատիպ մի անհատականություն էր՝ Գասպար և Աննա Չրաքյանների երկրորդ զավակը, որ ծնվել է Պոլսի թաղամասերից մեկում՝ պոեզիայով հագեցած Սկյուտարում, որտեղից սկիզբ առավ կյանքի հետաքրքիր մի պատմություն՝ մանկության հարուստ ու վառ տպավորություններով, խառնվածքն ու անհատական գծերը ձևավորող պատանեկությամբ, որն իր հետևում թողնելով թաղային Ս. Խաչ նախակրթարանը՝ հասունացավ Պերպերյան վարժարանում, որտեղ էլ գրանցվեցին առաջին գրական քայլերը։ 

Դրանց համընթաց՝ փորձեց գույների ու գծերի երկչափ աշխարհում տալ մանկական ներաշխարհի արտացոլանքը, որում Պոլիս այցելած ծովապաշտ նկարիչը նկարչի խոստումնալից ապագա գուշակեց՝ մտքով անգամ չանցկացնելով, որ այդ հանդիպումն ուրիշ խորհուրդ ունեցավ փոքրիկ Տիրանի համար, և որ այդ երեխայի հոգում արդեն Սև ծովի անունը «վրդովող անծանոթի խորհրդանշումն» էր, ու որ տարիներ անց «անծանոթին» նվիրվելու են հրաշալի էջեր՝ «Սև ծով, Այվազովսկի, Աստված» խորագրով։

Նրա գուշակությունը ճիշտ դուրս եկավ՝ միայն փոքրիկ սրբագրմամբ. Չրաքյանն իր նկարչական արվեստը չտեղավորեց երկչափ աշխարհում, այլ դուրս բերեց բոլոր չափումներից ու վրձնեց շքեղ բառերով, թեև, ավարտելով Պերպերյան վարժարանը, մի կարճ ժամանակ հաճախեց Պոլսի Գեղարվեստից վարժարանը՝ այդպես էլ կիսատ թողնելով նկարչական կրթությունը։

Տասնվեցամյա Տիրանը առաջին անգամ ուսուցչություն է անում Մագրի գյուղի Ազգային վարժարանում, փորձում ինչ-որ ակտիվություն ցուցաբերել մշակութային կյանքի իրադարձություններում, լույս ընծայում առաջին բանաստեղծությունները։

Комментариев нет:

Отправить комментарий

Администрация сайта не несёт ответственности за содержание рекламных материалов и информационных статей, которые размещены на страницах сайта, а также за последствия их публикации и использования. Мнение авторов статей, размещённых на наших страницах, могут не совпадать с мнением редакции. © Copyright 2018 Designed By Templateism | Seo Blogger Templates