Ճանապարհ դեպի հավիտենություն

Share it Please

Այգու խոտը տաք - տաք է. վարսավիրից աչքաթող եղած մազերդ էստեղ էլ ես շաղ տվել: Իակ դու դեռ իմ կատվից էիր բողոքում: 

Ծանր, խաչվելու գնացողի քայլերս էստեղ թեթևություն են ստանում, կանաչների մեջ այգեգործը աջուձախ է տանում ռետինե խողովակը: Տեսնես ինչ - որ մեկը այգեգործի ճակատագրի մասին մտածու՞մ է, որ հիմա երևի ամենաառեղծվածայինն է, իսկ նրա ձեռքի ռետինե խողովակը՝ իր ամենաշոշափելի իրականությունը:

Շնիկով տիկինները՝ քաղքենիության բեռը ուսերին, մի կերպ ծամածուռ սեթևեթանք են տարածում՝ իրենց ստվերներից բացի մեկ էլ շանը նկատելով: Իսկ ռետինե խողովակը ցայտում է առատ՝ շնիկներին փափուկ զուգարան ապահովելով: 

Փրփուր ալիքները... ավազը՝ արդեն կոկորդս խըցած... արևը... ջրի բարակ շիթեր.. չեղած թևեր...

― Էս ճանապարհով, որ ետ քայլեմ, անցյալ կգնա՞մ. հասնեմ նախապապիս, հաստ մահակը ընկեր անենք ու կոշտ տրեխների տակ ճզմենք տարիների փափուկ սաղարթն ու կոշտ խճաքարերը... ելնենք լեռները։

Էնտեղ ես բազեի պես ազատ եմ, բազեները ոչ ուրախ ու ոչ էլ տխուր են լինում. նախապապս երևի հիմա բազե է դարձել՝ ազատ մտացածին զգացողություններից:

― Էս ճանապարհով, որ ետ գնաս, մեր թաղ կհասնես, ― հիմա ասում ես դու: Ու ես հիշում եմ դեղին ավտոբուսի տակով անշտապ վազող ճանապարհը, որ քո թաղ է տանում: 

Աջ թևի վրա՝ այգիների արանքում, կանգառ կա, ուր ավտոբուսները երբևէ չեն կանգնում. իմ սիրած կանգառն է, իսկ ձախ թևին լիճն է՝ անաղմուկ նիրհող ու միայն երբեմն բայդարկաների ճեղքումով ճողփող: 

Էս կողմով անցնելիս ես հասկանում եմ, որ միևնույնն է սիրում եմ էս քաղաքը, ու մտածում, որ Գերմանիա գնացի այգիների մեջ պահ մտած կանգառ կգտնե՞մ:

Комментариев нет:

Отправить комментарий

Администрация сайта не несёт ответственности за содержание рекламных материалов и информационных статей, которые размещены на страницах сайта, а также за последствия их публикации и использования. Мнение авторов статей, размещённых на наших страницах, могут не совпадать с мнением редакции. © Copyright 2018 Designed By Templateism | Seo Blogger Templates